Մարտի 27-ին Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հավանություն տվեց ՈՒկրաինայի հարցով բանաձևին, որը ճանաչում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը և անօրինական համարում մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեն: Նախագիծն ընդունվել էր ձայների գերակշռող մեծամասնությամբ՝ 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ: Դեմ քվեարկողների մեջ էր նաև Հայաստանը:
irates.am-ը Բանսկա-Բիստրիցայի համալսարանի հրավիրված գիտաշխատող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչ հետևանքներ կունենա այդ քվեարկությունը Հայաստանի համար: Արմեն Գրիգորյանի պատասխանը ներկայացնում ենք ստորև:
-ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում քվեարկությամբ Հայաստանը վերջնականապես ցույց տվեց ողջ աշխարհին, որ Ռուսաստանի վասալն է և ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հավակնություն չունի. որոշումները կայացվում են Մոսկվայից ստացված հրահանգների հիման վրա: ՄԱԿ-ում, ԵԽԽՎ-ում և այլ ատյաններում ցանկացած քննարկման ժամանակ դա հաշվի են առնելու, և ՀՀ-ի համար կարևոր հարցերի վերաբերյալ դաշնակիցներ գտնելն անհնար կլինի: Մեկուսացումը կատարյալ է դառնում, և անգամ սահմանը բացելու նպատակով Թուրքիայի նկատմամբ արևմտյան ճնշումը հավանաբար կդադարի:
Հեռանկարը հատկապես մռայլ է` հաշվի առնելով Ռուսաստանում ֆաշիզմի հետագա խորացման և ագրեսիվության աճի անխուսափելիությունը, ինչպես նաև Հայաստանում այլընտրանքի գրեթե բացակայությունը: Այսպես` ՀՅԴ-ի ներկայացուցիչ Ա. Ռուստամյանը սատարել է ՄԱԿ-ում քվեարկության ընթացքում որդեգրած դիրքորոշմանը, իշխանափոխություն իրականացնելու հավակնորդ այլ ուժերը մնում են «Ռուսաստանի մասին` կամ լավ, կամ ոչինչ» բանաձևի շրջանակում` նույնպես լռելյայն սատարելով Պուտինի քաղաքականությանը: Այս իրավիճակում ԼՂՀ-ում առկա ստատուս քվոյի պահպանումն անգամ շուտով կարող է անհնար դառնալ:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ